«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հետքերով. գյուղ Խաշթառակ

Կրթական արշավ Հայաստանի հյուսիս-արևելքում. ճամփորդական նախագիծ
Մենք ենք, մեր սարերը ըստ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության նկարահանած գեղարվեստական կինոնկար է, որի ռեժիսորը Հենրիկ Մալյանն է։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայի կողմից 1969 թվականին։

 

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դիտում քննարկում նախագծային խմբի հետ. 06.11.2019, ժամը 11:00

Քաղաքացի դատավոր, ոչխարները, ճիշտ է, իմը չեն եղել, Ռևազինն են եղել, բայց դե դուք, որ ամեն օր միս եք ուտում, ձե՞ր ոչխարի միսն եք ուտում, թե՞ ուրիշի…

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումից անցել է ուղիղ 50 տարի: 1969 թ. ամառը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում չեն մոռանում: Անտառապատ սարերի լանջերին թիկնած գյուղը վերածվել էր մեծ կինոհարթակի: «Խաշթառակը հայկական Հոլիվուդն է, ահա թե ինչու էր կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը ֆիլմի նկարահանման համար ընտրել Խաշթառակը»,- ասում է գյուղի բնակիչ Վոլոդյա Խանումյանը: Նա ընդամենը 12 տարեկան էր, բայց այսօրվա պես հիշում է ամառային այն ամիսները, որոնք իրենց գյուղի տարեգրության մեջ գրվեցին «ոսկե» տառերով: Վոլոդյա Խանումյանի խոսքով` իրենց գյուղում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել:
«Ջրերը բարձրանում են», դա հակասովետական կինո էր, կարող է երկու անգամ ցույց տված լինեն, «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհը», վավերագրական կինոնկարներ են նկարահանել, «Նամակը», «Լուսանկարը», «Տղամարդիկ», «Հուշարձան», «Հյուսիսային ծիածան» կինոժապավենները: Ֆրունզիկը թե՛ պրոֆեսիոնալիզմով, թե՛ հոգով ու ամեն ինչով լավ մարդ էր: Սոս Սարգսյանն էնքան շատ էր մեր գյուղը սիրում, ասում էր` խաշթառակցի եմ: Թաղի էրեխեքով հավաքվում էինք, գնում, Հենրիկ Մալյանը մեզ համար ֆոկուսներ էր անում»,- տարիների հեռվից մտաբերում է խաշթառակցի Վոլոդյան:
Գյուղխորհդի մոտ ծառի հովին զրույցի բռնված խաշթառակցի տղամարդիկ այս թեմայով հետաքրքվողներին մատնացույց են անում քիչ վերև գտնվող Շիրակ Խանումյանի տունը: Հենց այնտեղ են իջևանել հայ կինոյի սիրված դեմքերը` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը, Արմեն Այվազյանը: Գյուղամիջյան ճանապարհ, տուն, դարպաս, աղբյուր, սար ու թուփ վերածվել են պատմական վավերագրերի, իսկ գեղարվեստական կինոնկարի ամեն մի նախադասություն` թևավոր խոսքի:
Խաշթառակի գյուղապետարանի սենյակի դուռն այժմ փակ է, որտեղ պարոն լեյտենանտը քննում է քաղաքացի Իշխան Անտոնյանին: Մի քանի քայլ վերև այն տունն է, որի այգում ժամանակին մեղուների փեթակներն էին, որտեղ Գալյա Նովենցը հրաշալի դերասանական տաղանդով կերտել է գյուղի կատարածուի կերպարը: «Դե հանդերում կլինեն, էլի…միլիցիայի գծո՞վ…»,- ընդամենը մի քանի բառ, բայց ստեղծել է մի ամբողջ աշխարհ:
Խաշթառակցիներն անգիր գիտեն` որտեղ է «մեղուն խայթել» լեյտենանտին, կամ գյուղի վերին սարի որ կետում է Պավլեն քարը նետում, Զավենը որտեղ է «Հալեպն» արտասանում:
Խաշթառակում Շիրակ Խանումյանին գյուղի գիդն են համարում: «Մենք ենք մեր սարերը» նկարահանելիս 80-ամյա Շիրակ Խանումյանի օջախում է հյուրընկալվել հայկական կինոյի աստղաբույլը: «Շերենցը մի գիշեր մնաց: Սոս Սարգսյանը կես կատակ ասաց` Շերենցը որ գա, չթողնեք իմ անկողնում քնի, գալիս ա` անկողինս ամբողջությամբ գրիմ ա լինում: Դերասաններն անգամ շախմատի մրցաշար կազմակերպեցին այստեղ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, բայց նկարահանումները որ ավարտվեցին, մրցումները կիսատ թողեցին ու գնացին»,- ասաց Շիրակ Խանումյանը: Նրա կինը` Շուշիկ տատը, հիշում է, որ Սոս Սարգսյանը գյուղի կանաչեղենն էր շատ սիրում, հատկապես` սիբեխը: «Շիրակը բրիգադիրն էր: Այգուց հավաքեցի, բերեցի` հետը տարավ, ասաց` հարսս էլ ա շատ սիբեխ սիրում: Քամած մածուն էր նաև շատ սիրում, կաթ բերեցի, մածուն մերեցի, տոպրակը լցրի, քամեցի, որ Երևան տանի, հետն էլ` գյուղի չորս հաց: Մեծ պատիվ էր մեզ համար մեծ մարդկանց հետ շփվելը»: Շուշիկ տատը հիշում է ժողովրդական դերասանի նվիրած հեռուստացույցի ծածկոցները` «Անուշ» օպերայի տեսարանների պատկերներով:
Խաշթառակցիների պատմելով` Ֆրունզիկի «ուշքը գնում էր» գյուղի երեխաների համար: Որտեղ Ֆրունզն էր, այնտեղ գյուղի 30-40 երեխաներն էին: «Էրեխեք էինք, Ֆրունզիկը ամեն մեկիս մեկական ռուբլի էր տալիս, գնում էինք տանձ բերում: Մեր գյուղի ժողովուրդը հարգանքով են, դե մենք երեխաներ էինք, տանձ բերելու համար փողը վերցնում էինք»,- ծիծաղով հիշում է Ժորա Մատինյանը: Իսկ Սերյոժա Մատինյանն էլ հիշում է, որ 7-8 տարեկան էր, երբ ֆիլմը նկարահանելու նպատակով իրենց տանը հյուրընկալվեցին ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանը, օպերատոր Կարեն Մեսյանը, Մալյանի դուստրը` Նարինեն: «Մեր պահարանի վրա մի մեծ տանձ ունեինք, մոտ մեկ կիլոգրամ կկշռեր: Ֆրունզիկն ասաց` գնա բեր` ուտենք տանձը: Հիշում եմ` մայրս դաշտից տուն եկավ, ասաց` ով ա կերել տանձը, որ ասացի` Ֆրունզիկ ձյաձյայի հետ եմ կերել, չջղայնացավ»,- պատմում է խաշթառակցի Սերյոժա Մատինյանը: «Փռնչի Աշոտը Մհեր Մկրտչյանին ասում էր` եղբայրներ ենք, մեծ դերասանը զարմանում էր` ախր ոնց….խաշթառակցի Աշոտը վրա էր բերում` քթի կողմով… Երկուսի քթերն էլ հայկական էին»,- հիշում ու հայ կինոարվեստի դասականների հետ զվարճալի պատմությունների շարքը շարունակում են խաշթառակցիները:
«Մեր գյուղացի Իբրահամն էլ օգնել է Ֆրունզին, որ եզը շուռ տա: Ինքը եզը կապեց ու տվեց Ֆրունզիկին: Հետո նստել ա, ֆիլմը նայել ու սպասել, որ ուր որ է` իրեն էլ են հեռուստացույցով ցույց տալու»,- ժպիտով հիշում են գյուղացիները: «Ամբողջ գյուղն օգնել ա, ով ինչով կարողացել ա: Ես լծկանն եմ տվել»,- ասաց Շիրակ Խանումյանը: Սերյոժա Մատինյանը հիշում է, որ Շերենցի տան պատի ժամացույցը, անկողնու ծալքին շարած մեծ բարձերն իրենց տնից են տարել, նկարել, բայց թե Ստալինի նկարը որտեղից են իրենց պատին փակցրել ու նկարել, իր համար էլ է գաղտնիք:
Այնտեղ, որտեղ նկարահանվել է Ավագի (Ազատ Շերենցի) լողացնելու տեսարանը, հիմա բազմանդամ ընտանիք է ապրում: Տարածքն ամբողջությամբ փոխվել է, բայց գյուղացիների հուշերը շարունակում են ապրեցնել Հրանտ Մաթևոսյանի անմահ ստեղծագործության էկրանավորման պատմությունը: Փայտե դուռը, որը Ավագը ճռռոցով է բացում, հիմա երկաթյա դարպաս է, տանձենիներն էլ չկան: Հին հայկական նախագծով կառուցված տունն Օհանյանները որպես մառան են օգտագործում: «Քանդելու եմ, բա խի եմ պահում»,- մի քիչ զայրացած (հավանաբար այն պատճառով, որ մեծ ցանկություն ունի տունը թանգարանի վերածելու, բայց միջոցներ չունի), բայց ներքուստ հպարտ ու իր հետ չհամաձայնելով` ասում է ֆիլմի գլխավոր տան իրական տանտերը` Արթուր Օհանյանը: «Գալիս են նկարում, էն անգամ Ամերիկայից էլ էին եկել ու ոչ մի բան»: Սա այն տունն է, որտեղ նկարահանվել է Ավագի ու Իշխանի, Ավագի ու լեյտենանտի անզուգական երկխոսությունը: «Դու որ չկանչեիր, ես լողացողը չէէիի: Չեմ քնում է, ասա է, ասա…»,- յուրաքանչյուրի համար թևավոր խոսք դարձած արտահայտությունների արձագանքը կարծես տասնամյակներ անց էլ լսվում է նկարահանման հրապարակից:
Ֆիլմի գլխավոր դրվագները նկարահանվել են Խաչի յալում, որը գյուղի ցանկացած կետից տեսանելի է: Բարձունքին, որտեղ Ռևազը, Ավագը, Իշխանը, Պավլեն, Զավենն ու լեյտենանտը քննում են իրար, հիմա եկեղեցի է կանգնեցված` ի հիշատակ խաշթառակցի վաղամեռիկ Դավիթ Քամալյանի: Հեռվից դիտելիս` սարն իսկապես խաչի է նման: «Սուրբ Դավիթ մարգարե» եկեղեցին դռները բացեց ուղիղ մեկ տարի առաջ` մայիսի 9-ին` նվիրվելով նաև մայիսյան եռատոնին: Մեծ լոռեցու անմահ վիպակի տավուշյան էկրանավորման վերջին կետը` Խաչի յալը, Խաշթառակի ուխտավայրն է, որտեղից հակառակորդին դեմ-հանդիման մշտապես արձագանքում են ` մենք ենք, մեր սարերը…

Նյութի հեղինակ՝ Մայա Խաչատրյան

Ֆիլմի սյուժեն
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է ոստիկանություն, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքին համապատասխան հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։
Ստեղծագործական խումբ
Սցենարիստ՝ Հրանտ Մաթևոսյան
ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
օպերատոր՝ Կ. Մեսյան
կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան
Դերերում
Լեյտենանտ — Սոս Սարգսյան
Իշխան — Մհեր Մկրտչյան
Պավլե — Խորեն Աբրահամյան
Ավագ — Ազատ Շերենց
Զավեն — Արմեն Այվազյան
Ռևազ — Արտավազդ Փելեշյան

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դիտում քննարկում նախագծային խմբի հետ. 06.11.2019, ժամը 11:00

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: